Թանգարանը բացվել է 1995 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից 1915 թվականի հայերի Ցեղասպանության 80-ամյակի առիթով։ Թանգարանի երկհարկանի շինությունը գտնվում է Ծիծեռնակաբերդի բլրի վրա՝ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքում։ Երկրորդ հարկը կազմված է 3 դահլիճից։ Թանգարանային հավաքածուում ներառված են փաստաթղթեր ու լուսանկարներ, որոնք բացահայտում են թուրքական կառավարիչ օղակների կողմից 1,5 միլիոն հայերի ցեղասպանության իրականացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքները։ Այստեղ ներկայացված են ինչպես միջազգային տարբեր կազմակերպություններին, այնպես էլ Ցեղասպանությունն իրագործած պետական մարմիններին պատկանող փաստաթղթեր։
Առաջին հարկում գտնվում է գրադարանային տարածքը, փաստաթղթային պահոցը, կոնֆերանսների դահլիճը, աշխատանքային սենյակները. թանգարանը համարվում է Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրման գիտական կենտրոն։
ՀՈՒԱ համար
Հայոց ցեղասպանության թանգարան խորհուրդ է տրվում այցելել այլ անձի ուղեկցությամբ, նախապես համաձայնեցնելով այցը: Անվասայլակներով հյուրերի համար առկա է առանձին մուտք ավտոկայանատեղիից: Թանգարանում կան հատուկ հարմարեցված զուգարաններ: