Գյումրի

Գյումրի քաղաքը, որը հայտնի է եղել նաև որպես Կումայրի, Ալեքսանդրապոլ ու Լենինական, Հայաստանի Հանրապետության երկրորդ ամենամեծ քաղաքն է և երկրի  մշակութային մայրաքաղաքը: Գյումրին այն եզակի քաղաքներից է, որտեղ պահպանվել է ուրույն ճարտարապետությունը, որի հիմքում ընկած են Անիի ու Կարսի ճարտարապետական ոճերը։ Այստեղ 1912 թ. բեմադրվեց հայկական առաջին օպերան՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ»-ը: Քաղաքի խորհրդանիշներից մեկը մուշուրբան է կամ կլկլանը՝  ջրաման, որից խմելիս կլկլոց է լսվում։ 2013 թվականին Գյումրիում կանգնեցվել է մուշուրբայի արձան։ Գյումրին հայտնի է նաև իր յուրահատուկ հումորով, հյուրընկալությամբ և անկրկնելի խոհանոցով: