Ըստ Աստվածաշնչի՝ Նոյի տապանը հանգրվանեց Արարատ լեռան գագաթին, և մարդկությունն ապրելու երկրորդ հնարավորություն ստացավ: Այս լեռան ստորոտում նա տնկեց առաջին որթը և հարբեց խաղողի հյութից, որը դեռ գինի չէր: Նոյյան տապանի մասնիկը այսօր պահվում են Էջմիածնի մայր տաճարի գանձարանում:
Այստեղ էր գտնվում հին աշխարհի ամենահզոր պետություններից մեկը՝ Արարատի թագավորությունը (Ուրարտու), որը դադարեց գոյություն ունենալ մ.թ.ա. VI դարում: Արին-Բերդ և Կարմիր բլուր հնավայրերի պեղումներից այս ժամանակահատվածին վերաբերող եզակի գտածոները կարելի է տեսնել Հայաստանի պատմության և Էրեբունի թանգարաններում:
Երկրի տնտեսական աճին նպաստեց այն հանգամանքը, որ այստեղով էր անցնում ժամանակի ամենաաշխույժ առևտրային ուղին՝ Մետաքսի ճանապարհը, որի «բացահայտումը» II-I դարերում համընկավ հայոց արքա Տիգրան II Մեծի թագավորության ու երկրի ծաղկման շրջանի հետ, երբ Հայաստանը ձգվում էր ծովից ծով: Մետաքսի ճանապարհի հայկական հատվածը, որի վրա էին գտնվում աշխույժ քաղաքներ ու բազմամարդ քարավանատներ, սկիզբ է առնում Արցախում վերջերս պեղված Տիգրանակերտից՝ զորավոր արքայի կայսրության մայրաքաղաքից:
301 թվականին Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որ քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն՝ այդպիսով նշանավորելով մարդկության պատմության մեջ քրիստոնեական դարաշրջանի և նոր՝ խաչաձև-գմբեթավոր մշակույթի ձևավորման սկիզբը: Հեթանոսական ժառանգությունը գրեթե ամբողջությամբ ավերվեց: Պահպանվեց միայն մեկ կառույց՝ I դարում կառուցված Գառնիի տաճարը:
Հայաստանի՝ հարևան զավթիչների շահերի կենտրոնում գտնվելու մի շարք աշխարհաքաղաքական, մշակութային և այլ պատճառներին ավելացավ ևս մեկը՝ կրոնականը: Ընդմիշտ դառնալով Արևելքում քրիստոնեական աշխարհի գլխավոր հենարանն ու առաջատարը՝ երկիրը վերածվեց թիրախի այլ հավատք դավանող զավթիչների համար: Բազմաթիվ ավերիչ արշավանքների արդյունքում Հայաստանը երկար ժամանակով կորցրեց պետականությունը: Հայաֆոբիայի գագաթնակետը դարձավ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը, որի ժամանակ ավելի քան 1,5 միլիոն խաղաղ բնակիչներ բարբարոսաբար սպանվեցին: Ցեղասպանության զոհերի հիշատակին այսօր Երևանում կանգնած է հուշարձան՝ ի նշան հավերժական վշտի և այդ վշտի հանդեպ հաղթանակի:
Հակառակ բոլոր պատմական արհավիրքների՝ հայ ժողովուրդը չի կորցրել իր գլխավոր կարողությունը՝ ստեղծագործելը: Նա կառուցել և անհավանական հետևողականությամբ վերականգնել է իրենց հոգևոր ուժով յուրահատուկ վանքեր, փորագրել ժանեկավոր խաչքարեր, գրել և երգել է աստվածային շարականներ, հիմնել համալսարաններ, զարգացրել գիտություններն ու կյանքից առավել գնահատել այս ամենի մասին պատմող գրքերը՝ զարդարված ճանաչված արվեստագետների մանրանկարներով: Այսօր այդ ձեռագրերը պահվում են Մատենադարանում՝ հին ձեռագրերի աշխարհի խոշորագույն պահոցներից մեկում:
1918 թվականին հռչակվեց առաջին անկախ Հայաստանի Հանրապետությունը, որը աշխարհի գլոբալ վերափոխման պայմաններում գոյատևեց երկու տարի: 1920 թվականին Հայաստանը հռչակվեց խորհրդային հանրապետություն: Նոր դարաշրջանը նշանավորվեց մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի վարդագույն քաղաքի՝ Երևանի ծնունդով: Ոչ մեծ քաղաք-այգում, որի վրա ճախրում է երկգլխանի Արարատը, հայտնվեց անհամաչափ մեծ Լենինի հրապարակը: Թամանյանն ինքը կանոնների այս խախտումը բացատրում էր նրանով, որ սա ոչ թե փոքր քաղաքի, այլ մեկ միլիոնանոց Սփյուռք ունեցող ազգի հրապարակ էր՝ Սփյուռք, որի հայրենիքն ամբողջ աշխարհն էր: Այժմ դա Հանրապետության Հրապարակն է, և մեծ առաջնորդի հուշարձանը նույնիսկ այստեղ վաղուց արդեն չկա: Բայց հայտնի Երգող շատրվանները մինչև հիմա էլ զբոսանքի սիրված վայր են:
1990 թվականին Հայաստանը հռչակեց իր անկախությունը: Իրականություն դարձած երազանքը ոգեշնչեց երկրի բնակիչներին և օգնեց դիմակայել Արցախյան պատերազմին և շրջափակմանը: Իսկ Սփյուռքի հայերը վերջապես հնարավորություն ստացան իրենց զգալ պատմական հայրենիքի մի մասը: Սրա հիանալի մարմնավորումն է Երևանի կենտրոնում գտնվող ամերիկացի գործարար և բարերար Ջերարդ Գաֆեսճյանի թանգարանն ու քանդակների այգին: Երևանին նվիրած իր հավաքածուն դարձավ տարածաշրջանի խոշորագույն և ամենաարժեքավոր ժամանակակից արվեստի թանգարանը:
Arites-ի հետ Հայաստան այցելությունը կվերածվի ոչ միայն հերթական ուղևորության, այլև հետաքրքիր ճանապարհորդության դեպի քաղաքակրթության օրրան և հետ ժամանակակից երկիր, ուր ապրում են զարմանալի տաղանդավոր մարդիկ, որոնք դարեր շարունակ պահպանել են ստեղծագործելու անսպառ կարողությունը: