Խաչքարը հայկական արվեստի ամենաբնութագրիչ երևույթներից է: Երկրի սահմաններից դուրս խաչքարեր գրեթե ոչ մի տեղ չեն հանդիպում, իսկ Հայաստանում դրանց քանակը գերազանցում է 40 000-ը: Միայն Նորատուսում՝ խաչքարերով ամենամեծ գերեզմանոցում, շուրջ 1000 ստելա է տեղադրված: Դրանց մեջ կան բարդ ժանյակե նախշերով անհավանական գեղեցկության քարեր: Նորատուսի քարերից մեկը պահվում է Բրիտանական թանգարանում, այն թանգարանին է նվիրել կաթողիկոս Վազգեն I-ը: Սովորաբար խաչքարերը ծառայում էին որպես տապանաքարեր, ինչպես Նորատուսում: Դրվում էին նաև որպես բարեխոսություն Աստծու առջև` Ահեղ դատաստանի ժամանակ հարազատներին օգնելու համար: Գերեզմանին խաչքար դնելու սովորույթը պահպանվել է մինչ այսօր, բայց սա միակ նշանակությունը չէ. ստելաները դրվում են ի հիշատակ կարևոր պատմական իրադարձությունների կամ որպես ճարտարապետական զարդ: Մեզ հայտնի ամենահին խաչքարը ստեղծվել է 879 թվականին: Վաղ խաչքարերը տարբեր ձևեր ունեին՝ օվալ, քառակուսի, ուղղանկյուն: Ժամանակի ընթացքում սակայն ձևավորվեցին հստակ կանոններ՝ խաչի պատկեր, իսկ դրա ներքևում՝ արևի կլորը ուղղանկյուն ստելայի վրա: 2010 թվականին խաչքար կերտելու արվեստն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության օբյեկտների ցանկում: