Սանահին

Ցանկության դեպքում Սանահին գյուղ մոտակա Ալավերդի քաղաքից կարելի է հասնել ոտքով՝ Դեբեդ գետի վրայով անցնող կամրջով, որը կառուցվել է դեռ XII դարում: Իսկ վանքը հիմնվել է X դարում: Սանահինը հինգ տասնյակ վանական ուներ, իսկ ահռելի հողատարածքները նախանձելի հարստություն էին ապահովում: Այստեղ հեղինակավոր ճեմարան էր գործում, որի գրապահոցը երկրում խոշորագույնն էր:

1996 թվականին Սանահինը` Հաղպատի հետ միասին, ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Այս երկու եկեղեցիները շատ բան է միավորում. դրանք գտնվում են իրարից ոչ հեռու , իսկ հիմնադրման տարեթվերի միջև ընդամենը մի քանի տասնամյակի տարբերություն կա: Ըստ լեգենդի՝ աշակերտներից մեկը պայման էր կապել վանքը կառուցող վարպետի հետ, լքել Սանահինը և սկսել մոտակայքում կառուցել իր համալիրը: Երբ գործն ավարտված էր, նա հրավիրեց ծեր վարպետին՝ գնահատելու աշխատանքը: «Հաղ պատ»,- ասաց նա՝ նշելով, որ ի տարբերություն Սանահինի՝ նոր եկեղեցու պատերը հղկված քարից են: Այդպես էլ վանքի անվանումը դարձավ Հաղպատ: Մյուս եկեղեցին էլ սկսեցին կոչել Սանահին՝ սա նրանից հին է: Սանահին գյուղում է գտնվում նաև հայտնի ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանի և ազդեցիկ քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի տուն-թանգարանը: Այստեղ պահպանվում են եղբայրների անձնական իրերը, դրանց թվում՝ Անաստասի ծառայողական մեքենան: Թերևս ամենատպավորիչ նմուշը թանգարանի շենքի առջև ցուցադրված իսկական ՄիԳ կործանիչ ինքնաթիռն է՝ Արտեմի ամենահայտնի գործը: