Տրնդեզ

Տեառնընդառաջն ամենաժողովրդական ու սիրված ազգային տոներից է: Այն ավանդաբար նշվում է փետրվարի 14-ին: Տոնի ակունքները գալիս են հազարամյակների խորքից և կապված են կրակի պաշտամունքի հետ: Նախկինում՝ հեթանոսական շրջանում, այն անվանվել է Տրնդեզ, որը նշանակել է կրակի դեզ: Հնում մեր նախնիները կրակին վերագրել են կենարար ու զորացնող հատկություններ: Հատկապես թոնրի կրակը համարվել է ջերմության աղբյուր, տան սրբատեղի, նրա շուրջն են հավաքվել ընտանիքի անդամները, երգել ու զվարճացել: Նրանք մեհյաններում, տան բակերում խարույկահանդես են կազմակերպել և հաղորդակցվել կրակի պաշտամունքի հետ: Հայաստանում քրիստոնեության մուտք գործելուց հետո Տրնդեզի տոնակատարությունը վերածվել է Տեառնընդառաջի, որը բացատրվում է Տիրոջը, այսինքն՝ Քրիստոսին ընդառաջ ելնել, Նրան դիմավորել: Այն քառասուն օրական Հիսուսին ծնողների կողմից տաճար տանելու (որտեղ Սիմեոն ծերունին Նրան ընդառաջ է ելնում ու օրհնում) և Աստծուն ընծայելու տոնն է: Տոնի հիմնական արարողությունը խարույկ վառելն է: Երիտասարդները և նորապսակները թռչում են խարույկի վրայով՝ հույս ունենալով, որ գալիք տարում կիրականանան իրենց բոլոր երազանքներն ու ցանկությունները: