Ծաղկաձոր

Ծաղկաձորը Հայաստանի ամենահայտնի լեռնադահուկային և կլիմայական հանգստավայրն է: Ամռանն այստեղ են գալիս երևանյան շոգից փրկվելու համար, իսկ ձմռանը քաղաքը վերածվում է իսկական դրախտի սպորտի սիրահարների համար: Այստեղ կա ճոպանուղի և 15 տարբեր բարդության դահուկային ուղիներ, որոնք բոլորովին վերջերս վերանորոգվել են իտալացի մասնագետների կողմից: Լեռնադահուկային սեզոնը տևում է համարյա կես տարի՝ նոյեմբերից ապրիլ: Ի դեպ, ժամանակին Ծաղկաձորը եղել է ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի մարզանքների վայր:    
«Ծաղիկների ձորի» պատմական անունով է կոչվում այստեղ գտնվող XI դարի Կեչառիս վանական համալիրը: Դրա եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, կառուցել է նշանավոր գիտնական և փիլիսոփա Գրիգոր Մագիստրոսը, որը հայերեն է թարգմանել Էվկլիդեսի և Պլատոնի աշխատությունները: Նրա թարգմանությամբ Էվկլիդեսի «Սկզբունքների» մի քանի էջ կարելի է տեսնել Մատենադարանում: Ծաղկաձորում արժի նաև այցելել հանրահայտ Օրբելի եղբայրների թանգարանը: Այստեղ են պահվում անձնական իրեր և աշխատություններ, որոնք պատկանել են Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի առաջին նախագահ և Էրմիտաժի տնօրեն Հովսեփ Օրբելուն, ֆիզիոլոգ և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Լեոն Օրբելուն և հնագետ, ԽՍՀՄ-ում ստորջրյա հնագիտության հիմնադիր Ռուբեն Օրբելուն: